Ամենապիտանի բանը

  • Մայրենի
  • Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
    -Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
    -Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
    -Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
    Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
    Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
    Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
    Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
    Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
    -Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
    -Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
    Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
    Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
    -Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
    Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
    -Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
    Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
    Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
    -Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
    Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
    -Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
    Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
    -Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
    Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
    -Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
    -Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
    Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
    -Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
    -Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Առաջադրանքներ․

Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

հրաշագեղ-հիասքանչ

գայիսոն-արքայական գավազան որպես իշխանության խորհրդանիշ:

Բնութագրի՛ր այս հեքիաթի թագավորին:

Հեքիաթի թագավորը խելացի, արդար, բարի մարդ էր։

Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ:

Այո ես համամիտ եմ, որովհետև եթե լույս չլիներ ծառ չէր լինի և օդ չէր լինի։

Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:

Հեքիաթի հերոսներն են թագավորը և իր երեք որդիները։

Leave a Reply